ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Այսօր ԵՊՀ թանգարանում տեղի ունեցավ «Դասը վարում են ազատամարտիկները» խորագրով միջացառումը

Այսօր ԵՊՀ թանգարանում տեղի ունեցավ «Դասը վարում են ազատամարտիկները» խորագրով միջացառումը
20.05.2014 | 22:16

ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառման նախաձեռնողներն էին ԵՊՀ պատմության թանգարանն ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:
Ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, դեկաններ Գուրգեն Մելիքյանը, Էդիկ Մինասյանը և Սամվել Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Ֆելիքս Պողոսյանը, «Վարդանանք» ակումբի գլխավոր խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), «Կարին» համույթի գլխավոր ղեկավար, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, փոխգնդապետ Միքայել Միրզոյանը (Բեկ), «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատների հրամանատար Իգոր Սարգսյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց ԵՊՀ թանգարանի տնօրեն Հեղինե Գաբրիելյանը և շնորհավորեց մայիսյան տոների առթիվ. «Մեր ազատամարտիկները, զոհելով իրենց մատղաշ կյանքը, նվիրեցին մեզ այս օրը: Իհարկե, մենք շատ կորուստներ ունեցանք, բայց հերոսի մահով ընկածների ոգին ապրում է այսօրվա սերունդների սրտում»:
Այնուհետև «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին նմանաբնույթ միջոցառումները կարևորելու և մասնակցելու համար, այնուհետև ներկայացրեց միջոցառմանը մասնակցող համալսարանական զոհված ազատամարտիկների մայրերին և հարազատներին: «Այսօր ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի վիճակում նմանաբնույթ միջոցառումները մեր ուսանողներին շատ ավելին են տալիս, քան տեղեկատվության այլ աղբյուրներ»,- ընդգծեց Սաթենիկ Աբրահամյանը:
Մինչ հյուրերի ելույթները «Վարդանանք» ակումբի սաները մի փոքրիկ բեմականացում ներկայացրին՝ նվիրված Շուշիի ազատագրմանը, և ասմունքի միջոցով ռազմահայրենասիրական շունչ և ոգի հաղորդեցին միջոցառման մասնակիցներին:
Արկադի Տեր-Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ոգեշունչ ելույթների համար. «Թող տարիներ անց իմ թոռները նստած լինեն այս դահլիճում, և ձեզ հաջորդած սերունդն արդեն ներկայացնի հայկական պատմական տարածքների համար պայքարած և հաղթանակած հերոսների փառապանծ ուղին»:
Հյուրերից յուրաքանչյուրն իր խորհուրդները, շնորհակալական ու սրտի խոսքն ուղղեց միջոցառման մասնակիցներին՝ մանրամասներ ներկայացնելով ռազմի դաշտում տեղի ունեցած հիշարժան դրվագների մասին:
Ելույթների ընթացքում ուսանողները բազմաթիվ հարցեր էին ուղղում ազատամարտիկներին: Քննարկումներին մասնակցում էին նաև զոհված ազատամարտիկների մայրերը: Մասնավորապես Դուշման Վարդանի մայրը՝ տիկին Զարիկը, նշեց, որ հպարտ է «Վարդանանք» ակումբի սաներով և հավելեց, որ հենց նրանց ձեռքում է վաղվա օրը: «Մեր հեռուստատեսությամբ անընդհատ հնչող լացուկոծներին ու անընդհատ իրենց զոհ ներկայացնողներին հակառակ՝ պետք է այս երիտասարդների խոսքն ու ռազմահայրենասիրական շունչը տարածեն: Նրանք են մեր հաղթանակած սերունդը, նրանցից յուրաքանչյուրը մի պատերազմ կարող է շահել: Թշնամու ոտքի տակ տնքող մեր հողերը հենց այս երիտասարդներն են վերադարձնելու, ովքեր այսօր կորով ու ուժ են հաղորդում բոլորին»,- ասաց տիկին Զարիկը:
Հավելենք, որ միջոցառմանը յուրահատուկ ռազմահայրենասիրական շունչ հաղորդեց «Կարին» համույթի կողմից կատարված հաղթական պարը:

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ